Սիլվա Կապուտիկյանի Տուն-թանգարան
Սիրված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ինքն է որոշել իր տունը վերածել թանգարանի։ Ըստ նրա կտակի՝ բնակարանի մի մասը մնացել է անփոփոխ։ Նա ինքն է իր ձեռքերով տեղադրել ցուցանմուշները և տվել բացատրություններ։
Թանգարանը բացվեց բանաստեղծուհու մահից 3 տարի անց՝ 2009 թ.։
Նախասրահը սկսվում է «Խոսք իմ որդուն» պատով։ Կից Փարաջանովի նվիրած «Մայր Հայաստան» գոբելենն է, դրա դիմաց՝ ծնողների նկարները, ապա այն դաշնամուրը, որի վրա Կապուտիկյանը ինքնուրույն սովորել է նվագել։
Աշխատասենյակում կարելի է տեսնել բանաստեղծուհու զանգվածեղ գրասեղանը՝ վերջին ձեռագրերով, և անկողնու փոքրիկ խորշը՝ կից դրված մուսաների կլոր սեղանով։
13 մետրանոց երկար պատշգամբում աչքի է ընկնում Վանի անկյունը՝ Վանից բերված մասունքներով, որոնցից ուշագրավ են պղնձե ինքնաեռը, մետաղյա տաշտակը, Վանա լճի պատկերը և ընտանեկսն լուսանկարները։
Սիլվա Կապուտիկյանը երիտասարդ հասակում սիրում էր կարել հագուստներ, և նրա կարի մեքենան նույնպես պահվում է այստեղ։
Ցուցափեղկերում կարելի է տեսնել բանաստեղծուհու օգտագործման անձնական իրերը՝ ժամացույցը, հովհարը, նրբագեղ պոչով հովանոցը, թանկարժեք գրիչների հավաքածուն, շքանշանները և այն նվերները, որոնք նա ստացել է անվանի մարդկանցից:
Ընդարձակ հյուրասենյակում աչքի են ընկնում հայ մեծ նկարիչներից ստացված գեղանկարները, քանդակագործ որդու՝ Արա Շիրազի մանրաքանդակները, սպասքադրված սեղանը և այն պահարանը, որտեղ պահվում է տիկնիկների շքեղ հավաքածուն՝ աշխարհի բոլոր անկյուններից բերված տարազային տիկնիկներով։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:30
Կիրակի՝ 11:00-16:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 2000 դրամ է։
Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 3000 դրամ է:
Մուտքի տոմս -1000 դրամ։
Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս - 500 դրամ:
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։